Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի ու դպրոցի պատմությունն սկիզբ է առնում ազգային գրերի ստեղծումից և դրանց ուսուցումից։ Այս առումով մանկավարժական գիտություններից ամենից հինը մայրենի լեզվի մեթոդիկան է, իսկ նրանում էլ ամենահինը՝ գրաճանաչության բաժինը։ Սակայն չնայած այդ պատկառելի հնությանը, զարմանալիորեն մինչև վերջերս մենք գրաճանաչության մեթոդիկայի ամբողջական ձեռ- նարկ չունեինք, ուր որոշակի համակարգով շարադրված լինեին այդ բնագավառում դարերի ընթացքում դպրոցի ձեռք բերած դրական փորձն ու ժամանակակից մանկավարժական գիտության նվաճումները։ Ճիշտ է, գրաճանաչության ուսուցման մասին խոսվել է Խ. Աբովյանի, Ա. Բահաթրյանի, Թ. Խզմալյանի, Գ. էդիլյանի և Ա. Ղարիբյանի մեթոդական ձեռնարկներում, սակայն. գրաճանաչության ուսուցման հարցը ամբողջության մեջ վերցված առաջին անգամ քննարկվել է Լ. Խուդոյանի «Գրաճանաչության ուսուցման մեթոդիկա» (1935 թ.) և Ա. Տեր-Գրիգորյանի «Գրաճանաչության մեթոդիկա» (1968 թ.) գրքերում, որոնցից միայն երկրորդն է գործածության մեջ չնայած անցած ժամանակաշրջանում նրանում ևս զգալի փոփոխություններ են կատարվել։
Արդեն մեկ տասնամյակ է, որ մեր դպրոցում ընդհանուր գործածության մեջ է վերլուծական-համադրական հնչույթավանկային մեթոդը, որը բավականին լավ ընդունելություն գտավ ուսուցչության կողմից։ Ուսուցումը վեց տարեկանից սկսելու մասսայական գիտափորձն իր հետ բերեց վերլուծական-համադրական հնչույթաբառային մեթոդի գործադրումը։ Կազմվեցին այդ մեթոդներով պարապելու համար նախատեսված նոր այբբենարաններ, ստեղծվեցին նոր ձեռնարկներ ու ուղեցույցներ, որոնք մեթոդիկայում իրենց արտացոլումն են գտել։