Дипломная работа на грузинском
СКАЧАТЬ:
ԳՐԱՃԱՆԱՉՈԻԹՅԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
դիպլոմային աշխատանք
Բովանդակություն
ներածություն_____________________________________ 3
ԳԼՈՒԽ 1. ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՈԻՍՈԻՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ___ 6
1. 1. Տարբեր նախադպրոցական ուսուցման խնդիր___________ 6
1. 2. Դպրոց ընդունվող երեխայի ուսումնասիրումը___________ 8
1. 3. Երեխայի առաջին օրերը դպրոցում___________________ 10
1. 4. Ուսուցման հարցերը նախապատրաստական շրջանում_ 14
ԳԼՈՒԽ 2. գրավոր հմտություններԻ ձԵւավորումը_ 20
2. 1. Գրության ուսուցման փուլեր_________________________ 20
2. 2. Հնչյունի և տառի ուսուցում___________________________ 24
2. 3. Կարդալու ուսուցում________________________________ 28
2. 4. Գրելու ուսուցում___________________________________ 35
ԳԼՈՒԽ 3. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ_______________________ 41
3. 1. Լեզվական աշխատանքները գրաճանաչության դասերին 41
3. 2. Աշխարհաճանաչողական տեղեկությունների հաղորդում 45
3. 3. Դաստիարակչական աշխատանք_____________________ 46
Գրականություն__________________________________ 48
ներածություն
Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի ու դպրոցի պատմությունն սկիզբ է առնում ազգային գրերի ստեղծումից և դրանց ուսուցումից։ Այս առումով մանկավարժական գիտություններից ամենից հինը մայրենի լեզվի մեթոդիկան է, իսկ նրանում էլ ամենահինը՝ գրաճանաչության բաժինը։ Սակայն չնայած այդ պատկառելի հնությանը, զարմանալիորեն մինչև վերջերս մենք գրաճանաչության մեթոդիկայի ամբողջական ձեռ- նարկ չունեինք, ուր որոշակի համակարգով շարադրված լինեին այդ բնագավառում դարերի ընթացքում դպրոցի ձեռք բերած դրական փորձն ու ժամանակակից մանկավարժական գիտության նվաճումները։ Ճիշտ է, գրաճանաչության ուսուցման մասին խոսվել է Խ. Աբովյանի, Ա. Բահաթրյանի, Թ. Խզմալյանի, Գ. էդիլյանի և Ա. Ղարիբյանի մեթոդական ձեռնարկներում, սակայն. գրաճանաչության ուսուցման հարցը ամբողջության մեջ վերցված առաջին անգամ քննարկվել է Լ. Խուդոյանի «Գրաճանաչության ուսուցման մեթոդիկա» (1935 թ.) և Ա. Տեր-Գրիգորյանի «Գրաճանաչության մեթոդիկա» (1968 թ.) գրքերում, որոնցից միայն երկրորդն է գործածության մեջ չնայած անցած ժամանակաշրջանում նրանում ևս զգալի փոփոխություններ են կատարվել։
Արդեն մեկ տասնամյակ է, որ մեր դպրոցում ընդհանուր գործածության մեջ է վերլուծական-համադրական հնչույթավանկային մեթոդը, որը բավականին լավ ընդունելություն գտավ ուսուցչության կողմից։ Ուսուցումը վեց տարեկանից սկսելու մասսայական գիտափորձն իր հետ բերեց վերլուծական-համադրական հնչույթաբառային մեթոդի գործադրումը։ Կազմվեցին այդ մեթոդներով պարապելու համար նախատեսված նոր այբբենարաններ, ստեղծվեցին նոր ձեռնարկներ ու ուղեցույցներ, որոնք մեթոդիկայում իրենց արտացոլումն են գտել։
Գրաճանաչության մեթոդիկան զբաղվում է գրաճանաչության ուսուցման հարցերով՝ գրուսուցման ժամանակակից մեթոդի, 6—7 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունների, այբբենարանի կառուցվածքի ու բովանդակության, ուսումնական աշխատանքի գիտական կազմակերպման, երեխաների համակողմանի դաստիրակության խնդիրների ընդգրկումով։ Այս առումով էլ գրաճանաչության մեթոդիկան հենվում է ժամանակակից մանկավարժության ու դիդակտիկայի, մանկավարժական հոգեբանության ու մարդաբանության, մայրենի լեզվի մեթոդիկայի և հայոց լեզվի գիտական հնչյունաբանության վրա, որոնք նրա տեսական հիմունքներն են կազմում՝ յուրաքանչյուրը յուրովի նպաստելով գրաճանաչության ուսուցման գիտական սկզբունքների մշակմանը։
Հնչյունագրություն. Հնչյունային գրի առանձնահատկությունն այն էր, որ մեկ հնչյունին համապատասխանում էր մեկ տառ։
Հնչյունային գիր ունեցող աշխարհի հնագույն լեզուներից մեկն էլ հայերենն է։ Հայերենի այբուբենը հնարել է Մեսրոպ Մաշտոցը 406 թվականին։ Բռնությամբ երկու մասի բաժանված և փաստորեն պետականությունից գրկված հայ ժողովրդի ինքնուրույնության պահպանման միակ փրկարար ելքը Մեսրոպը տեսնում է գրերի ստեղծման մեջ և հերոսական ջանքերով հասնում է դրան։ Մաշտոցի ստեղծած տառերը գրեթե նույնությամբ (հետագայում ավելացել են ե, օ, ֆ տառերը) գործածության մեջ են մինչև այսօր և հսկայական ու անփոխարինելի դեր են խաղացել մեր ժողովրդի ու մեր լեզվի պահպանման ու զարգացման գործում։
Հնչյունային գիրը, որպես ավելի պարզ, հեշտընկալ ու դյուրընթեռնելի, շատ ավելի լայն տարածում է գտնում, դառնամ է ավելի մասսայական, քան գրության նախորդ բոլոր ձևերը։
Գրի ստեղծումից մինչև այժմ անցած՛ հազարամյակների ընթացքում փոխվել են ոչ միայն նրա համակարգն ու տիպը, այլև գրության կարգը։ Սկզբում գրել են սյունակներով՝ վերից վար և աջից ձախ հաջորդականությամբ, ավելի ուշ՝ հորիզոնական ուղղությամբ և ձախից աջ հաջորդականությամբ։ Այժմ միայն արաբական գիրն է աջից ձախ հաջորդականությամբ և չինական ու ճապոնական հիերոգլիֆներն են, որ գրվում են վերից վար և աջից ձախ հաջորդականությամբ։
Մեր օրերում գրի ուսուցումը պետական կարևոր նշանակություն ունի և պարտադիր է հասարակության բոլոր անդամների համար։
ԳԼՈՒԽ 1. ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՈԻՍՈԻՑՄԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ
1. 1. Տարբեր նախադպրոցական ուսուցման խնդիր
Գրաճանաչության ուսուցման նախապատրաստական շրջանի հիմնական նպատակը երեխաներին միասնական դասարանական կոլեկտիվի մեջ կազմակերպելը և կարդալ ու գրել սովորելու աշխատանքի համար նրանց տեսականորեն ու գործնականորեն, հոգեբանորեն ու ֆիզիկապես նախապատրաստելն է։ Այս շրջանի տևողությունը միշտ էլ տատանվել է. մինչև վերջերս՝ հնչյունային մեթոդի գործադրման ժամանակ, այն տևում էր 2—3 շաբաթ, հնչույթավանկային մեթոդի զործադրումով այդ ժամանակը կրճատվեց հասցվեց 1 — 1,5 շաբաթի, հնչույթաբառային մեթոդի գործադրման պայմաններում այն տևում է 3 — 4 շաբաթ և այլն։ Տևողության այս տարբեր ժամկետների առկայությունը պայմանավորված է քաղաքային և գյուղական դպրոցների, մանկապարտեզներից ու ընտանիքներից դպրոց եկած երեխաների դպրոցի համար պատրաստված լինելու աստիճանի, բարբառային միջավայրի և երեխաների տարիքային տարբերություններով, որոնք որոշակիորեն ազդում են գրաճանաչության ուսուցման ճիշտ կազմակերպման ու դրա արդյունավետության վրա։ Ընդ որում, նախապատրաստական շրջանի տևողությունը երբեմն կարող է որոշել դպրոցը՝ ելնելով տեղական պայմաններից և այդ ժամանակն ավելի նպատակահարմար օգտագործելու հնարավորություններից։
Նախապատրաստական շրջանը ոչ միայն անհրաժեշտ, այլև խիստ կարևոր է բոլոր դպրոցների ու բոլոր առաջին դասարանների համար, որովհետև հետագա աշխատանքի ամբողջ հաջողությունը մեծ չափով կախված է նաև աշակերտների դպրոցի համար լավ նախապատրաստված լինելուց, այն ինչ երեխաների մեծ մասն առայժմ դպրոց է գալիս չնախապատրաստված, ուստի այդ նախապատրաստությունը պետք է ստանա դպրոցում։ Այդ նախապատրաստությունը պետք է կատարվի ժամանակակից մանկավարժական գիտությունների պահանջներին համապատասխան, որոշակի ծրագրով ու մեթոդներով, որպեսզի անհրաժեշտ արդյունք տա, նպաստի երեխայի մտավոր զարգացմանը, գրաճանաչության ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
Այս շրջանի համար բնորոշ են հետևյալ հիմնական խնդիրները՝ աշակերտների ծանոթացումը դպրոցական կարգուկանոնին, երեխաների խոսքի զարգացումը, տեսողության, լսողության, կինեսթետիկ զգացողության և ուշադրության մշակումը, գրելու համար ձեռքի նախապատրաստումը, կարդալու սկզբնական կարողության ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, աշխարհաճանաչողական տարրական տեղեկությունների հաղորդումը, աշակերտների ուսումնասիրումը, դասարանական միասնական կոլեկտիվի ստեղծումը և այլն։ Այս աշխատանքներից ամեն մեկը յուրովի վերցրած տարբեր տիպի պարապմունքների մի ամբողջ համակարգ է կազմում, սակայն առանձին ու անկախ հանդես չի գալիս. հնարավոր չէ ասել, թե երբ է ավարտվում մեկը և երբ է սկսվում մյուսը, որովհետև դրանք խորապես միմյանց մեջ ներթափանցված, փոխադարձորեն միմյանց լրացնող ու ամբողջացնող աշխատանքներ են։
1. 2. Դպրոց ընդունվող երեխայի ուսումնասիրումը
Ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության ապահովման համար կարևոր նշանակություն ունի դասարանի ճիշտ կոմպլեկտավորումը։ Մինչև դպրոցում պարապմունքների սկսվելը առաջին դասարան ընդունվող երեխաների նախնական ուսումնասիրումը ինչպես դասարանը ճիշտ կոմպլեկտավորելու, այնպես էլ երեխաների հետ ծանոթանալու և արդյունավետ աշխատանք կազմակերպելու տեսակետից գործնական արժեք ունի։
Երեխաների այս նախնական ուսումնասիրությունը կարող է անցկացնել դպրոցի դիրեկցիայի կողմից ստեղծված հանձնաժողովը, որի կազմում պետք է մտնեն առաջին դասարանում պարապող ուսուցիչները, տարրական բաժնի ուսմասվարը, դպրոցի բժիշկը և այլն։ Աշակերտների գիտելիքների ծավալի ու դպրոց ընդունվելու համար նրանց նախապատրաստված լինելու մակարդակի մասին որոշակի գաղափար կազմելը հնարավորություն կտա ոչ միայն դասարանները ճիշտ կոմպլեկտավորել, այլև երեխաների հետ տարվող հետագա աշխատանքները նպատակային ու արդյունավետ դարձնել։ Երեխաների հետ անցկացվելիք այդ զրույցների համար կարելի է նկատի ունենալ հետեյալ հիմնական հարցերը.
1. Երեխայի ազգանունը, անունն ու հայրանունը։
2. Մանկապարտեզ հաճախած լինելը։
3. Տառերը ճանաչելը։
4. Կարդալ իմանալը։
5. Գրել իմանալը։
6. Խոսքը մասերի բաժանելը։
7. Պատմելու կարողությունը։
8. Հաշվելու կարողությունը։
9. Տրամաբանական մտածողությունը։
10. Գեղարվեստական ընդունակությունները։
Այս հարցերի շուրջ անցկացվող զրույցը չպետք է վերածել հարցաքննության, դա պետք է անկաշկանդ զրույց լինի, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց գիտելիքներն ու կարողությունները դրսևորել, որն անհրաժեշտ է նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացման, ուսումնական աշխատանքների համար նրանց հասունացած լինելու մակարդակը որոշելու համար։ Պետք է դատապարտելի համարել այն երևույթը, երբ ուսուցիչը դպրոցի դիրեկցիայից ոչ թե երեխաներ, այլ նրանց ցուցակն է ստանում, իսկ երեխաների հետ ծանոթանում է միայն ուսումնական պարապմունքների ընթացքում։ Պարտադիր ուսուցման և տարրական դասարաններում երկտարեցիներ չտալու վերաբերյալ եղած որոշումները նկատի ունեն համապատասխան տարիքը լրացած նորմալ, իր տարիքին համապատասխան զարգացում ունեցող երեխաներին, և ուսուցիչը պետք է հետամուտ լինի այդպիսի երեխաներից կոմպլեկտավորված դասարան ստանալու, որպեսզի կարողանա բոլոր երեխաներին առաջադիմության պահանջված մակարդակին հասցնել։ Մտավորապես ու ֆիզիկապես պակասավոր երեխաների համար կան հատուկ դպրոցներ, ուր անհրաժեշտ պայմաններ են ստեղծված նրանց նորմալ զարգացման համար։
1. 3. Երեխայի առաջին օրերը դպրոցում
Դպրոցը երեխայի համար նոր աշխարհ է՝ նոր հետաքրքրություններով, հոգսերով ու տպավորություններով, ուրախություններով ու դառնություններով լի։ Ուսուցիչն իր աշխատանքն այնպես պետք է կազմակերպի, որ առաջին օրերին երեխաների համար այդ ամենի մեջ հաճելին ավելի շատ լինի, քան տհաճը, ոգևորությունն ավելի մեծ բաժին ունենա, քան հուսախաբությունը։ Սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն այս առաջին օրերի ուսուցողական դժվարին խնդիրների լուծման համար, այլև դաստիարակչական տեսակետից։ Սակայն այդ չի նշանակում ամենևին, թե դասերը պետք է վերածել հաճելի ժամանցի. սովորելու աշխատանքի պատասխանատվությունը և դժվարությունը երեխաներն անպայման պետք է զգան, սակայն դրա հետ միաժամանակ պետք է նաև զգան, որ այդ աշխատանքն իրենց ուժերին ու կարողություններին հասանելի է, որ ուսուցիչը դժվարին պահերին միշտ իրենց հետ է, և չկա որևէ դժվարություն, որ նրանք, աշխատելու դեպքում, չկարողանան հաղթահարել։
Աշակերտի առաջին օրերը դպրոցում պետք է հագեցված, բովանդակալից, աշխույժ, թեթև ու հաճելի լինեն, իսկ դրա համար ուսուցիչը պետք է բազմակողմանիորեն նախապատրաստված լինի, հաշվի առնի ուսումնական ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը, դասը տանի մի քանի պլանով՝ նկատի ունենալով թե՛ դաստիարակչական ու կրթական աշխատանքների և թե՛ խաղի ու աշխատանքի նպատակահարմար զուգակցումը, գրաճանաչության ուսուցման համար երեխաներին մտավոր ու ֆիզիկական տեսակետից հնարավորին չափ լավ նախապատրաստելը։ Դրա համար անհրաժեշտ կլինի որոշակի աշխատանք տանել հետևյալ ուղղություններով։
Ծանոթացումը դպրոցական կարգուկանոնին անհրաժեշտ պայման է բոլորովին նոր ու անծանոթ